Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ իրավիճակը քննարկելով՝ եկել էին այն եզրակացության, որ պետք է այնպիսի աջակցություն տրամադրել, որը թույլ կտա կազմակերպություններին աշխատակիցներին պահել մինչև հաջորդ տարվա գարուն:
«Այդ պատճառով Կառավարությունը կայացրեց չափազանց կարևոր որոշում և հայտարարեց, որ եթե մինչև եկող տարվա գարուն իրավիճակը շատ կտրուկ չլավանա, ապա բոլոր ամիսների ընթացքում այդ կազմակերպությունները իրենց պահած աշխատակազմի 1/3 կամ1/4 մասով կստանան դրամաշնորհային աջակցություն»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը ներկայացրեց աջակցություն ստացող կազմակերպությունների չափորոշիչները:
«Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ, պետք է ունենա առնվազն երեք աշխատակից և եկամուտների հիմնական մասը (մոտ 70 տոկոսը) ստացած լինի խոցված ոլորտներից` կամ հյուրանոցային ծառայություն կամ հանրային սննդի ոլորտում մատուցած ծառայություններից, կամ զբոսաշրջային գործունեությունից»:
Խաչատրյանը հայտնեց, որ 1250 կազմակերպություններ բավարարում են այդ չափորոշիչներին և ստացել են Կառավարությունից ծանուցում, որ իրենք կարող են դիմել Կառավարություն դրամաշնորհային աջակցությունից օգտվելու համար:
«Այսօրվա դրությամբ ստացել ենք 813 կազմակերպություններից դիմում և արդեն իսկ փոխանցված է 420 միլիոն դրամ դրամաշնորհ: Ընդհանուր ամսական աջակցության չափը, եթե բոլոր կազմակերպությունները օգտվեն իրենց իրավունքից, կարող է կազմել 650 միլիոն դրամ»,- եզրափակեց Խաչատրյանը:
Կարծիքներ