Կորոնավիրուսով հիվանդ փոքր թվով քաղաքացիներ դեռ սպասում են հոսպիտալացման. նախարար
Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանի հրապարակած նկարը՝ համալիրում տեղակայված մահճակալներով, հին է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ մոտ 2-3 օր երկրում կորոնավիրուսի հետ կապված բավականին լարված իրավիճակ է եղել: «Կար հոսպիտալացման սպասող քաղաքացիների ցանկ, որոնք ստիպված էին սպասել մի քանի ժամից մինչև մեկ օր: Սակայն այս պահին էլ կորոնավիրուսային վարակով փոքր թվով քաղաքացիներ դեռ սպասում են հոսպիտալացման: Եվ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտները հիմնականում հենց հիվանդանոցային բուժման ու թթվածնի կարիք ունեն»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս շաբաթվա ընթացքում մոտ 300 լրացուցիչ մահճակալ է ծավալվել:
Միաժամանակ, նախարարն ընդգծեց՝ պետք չէ մոռանալ, որ մահճակալների ֆոնդը անվերջ չէ: «Թթվածնային սարքերի քանակն այս պահի դրությամբ բավարար է: Վերջին տարվա ընթացքում 15 լրացուցիչ թթվածնային կայան ենք գնել ու այլ սարքավորումներ՝ մոտ 3000 մահճակալի հագեցվածություն ենք ապահովել», - տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը:
Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք, առողջացել է 617 քաղաքացի, մահացել է՝ 18-ը: Մեկ օրում կատարվել է 6217 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 860046-ի: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն առողջացման, 3533-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ:
Կարծիքներ