Առաջընթաց կա, սակայն մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրին հասնելու համար. Բլինքեն

Առաջընթաց կա, սակայն մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրին հասնելու համար. Բլինքեն

Հա-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց կա, սակայն վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա անելու:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումների՝ մի քանի օր տևած նոր փուլի արդյունքները։

«Շնորհակալ եմ իմ երկու գործընկերներին և գնահատում եմ այն բարդ աշխատանքը, որը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այլ կարևոր խնդիրների լուծման հասնելու համար, որոնք կարող են զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները։ Շնորհակալ եմ այս երկրորդ հանդիպման ընթացքում ձեր ծախսած ժամանակի համար։ Շնորհակալ եմ, ինչպես նշված է հայտարարության մեջ, որը շուտով կհրապարակվի, համաձայնագրի շուրջ ընդհանուր նպատակին հասնելու համար գրանցած առաջընթացի համար, ինչի արդյունքում համաձայնագրում որոշ հոդվածներ են ներառվել, ինչպես նաև խորացվել է փոխըմբռնումը այլ կարևոր խնդիրների վերաբերյալ և ընդհունվել է այն փաստը, որ դեռ մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար»,- ասել է նա։

Ըստ Բլինքենի՝  հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից, դրանք կլինեն մի քանի կողմի մասնակցությամբ և կընթանան ԵՄ-ում:

«Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել ոչ միայն այստեղ, այլև մեր ԵՄ գործընկերների հյուրընկալությամբ՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ, և գիտենք, որ հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից նրանց հետ ԵՄ-ում։

Անհամբերությամբ սպասում ենք շարունակելու նաև այս գործընթացը առաջիկա շաբաթներին՝ լավագույն կերպով օգտագործելու համար այս աճը, որին մենք հասել ենք այս հանդիպումների ընթացքում՝ հասնելու հետագա համաձայնությունների տարբեր մասերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով հասել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։

Կարծում եմ՝ նաև հստակ գիտակցում կա բոլոր կողմերից, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը։

Հիշեցնենք՝ 3 օր շարունակ՝ հունիսի 27-29-ը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ և եռակողմ բանակցություններ: 

Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում