Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևան քաղաքին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով («B+»/«Կայուն» կանխատեսմամբ):
Երևանի եկամուտների կայունության վրա, ըստ գործակալության կարծիքի, բացասաբար է ազդում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը:
Ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Նշվում է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ, ինչի արդյունքում ծախսերի դինամիկան գրեթե համընկնում է եկամուտների դինամիկայի հետ:
Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են: Բյուջեի՝ ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին բաժին է հասել 2019թ. Բոլոր ծախսերի 42 տոկոսը: Հանրակրթությանը ծախսերի մասով հաջորդում է կոմունալ սեկտորը, որը իր վրա է վերցնում 22 տոկոսը»,- գրել է Կարապետյանը:
Կարծիքներ