Մատվիենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ, որի ընթացքում նա կողմերին կոչ է արել խստորեն պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատելու պայմանավորվածությունները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Դաշնության խորհրդի նախագահը խնդրել է զրուցակիցներին, որ հակամարտող կողմերը խստորեն պահպանեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների կողմից ԼՂ հակամարտության գոտում հրադադարի մասին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասված է հայտարարության մեջ:
Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը վերադարձնել խաղաղ, քաղաքական-դիվանագիտական փուլ։
«Զրուցակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել շփումները խորհրդարանական գծում՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը նպաստելու համար»,- ասվում է Դաշնային խորհրդի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ