Վաղուց անցել է գավառական շուստրիությամբ հարցեր լուծելու ժամանակաշրջանը. Չախոյան

Վաղուց անցել է գավառական շուստրիությամբ հարցեր լուծելու ժամանակաշրջանը. Չախոյան

Պետք է վերահաստատեմ, որ Հայաստանի Հանրապետությունը միտված է սահմանազատում իրականացնելուն և ինչքան էլ ցավոտ խնդիրներ ի հայտ գան այդ դելիմիտացիայի արդյունքում, պատրաստ է գնալ դրան:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Վերջիվերջո մենք պետք է պետական սահման ունենանք, սահմանազատենք մեր պետությունը»,- ասաց Չախոյանը:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունն ակտիվ պտտվում է Տավուշի մարզում, հանդիպում բնակիչների հետ, ինչու դա չի անում իշխանությունը, Չախոյանն ասաց՝ իշխանությունը դա արել է Կառավարության ղեկավարի, երկրի վարչապետի մակարդակով:

«Վարչապետն անձամբ գնաց Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար գյուղերի բնակիչներին ներկայացրեց թե ինչ սցենար կարող է լինել, ինչ սցենար է զարգանում, հիմա ուր ենք հասել, բանակցություններն ինչ փուլում են: Ընդ որում, եթե բանակցությունների արդյունքում նույնիսկ փոքրիկ փոփոխություն լինի, վարչապետը խոստացել է նորից հանդիպել նրանց հետ»,- ասաց Չախոյանը նշելով, որ չի ցանկանում հանձնաժողովների միջև ընթացող բանակցային պրոցեսի մասին մանրամասներ հայտնել:

«Բայց միևնույն ժամանակ պետք է հայտնեմ հանրությանը, որ ընդդիմության և ընդդիմադիրների կողմից շատ ժամանակ արծարծվող թեզը՝ թե գիտեք ինչ կա, գնում են միակողմանի զիջումների, միայն մենք ենք տալիս, էն կողմից ոչինչ չկա, իրականում էդպես չէ, հակառակ դեպքում էս հարցերը վաղուց լուծվել էր:

Բանակցությունների ժամանակ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը ներկայացնում է իր պահանջները և դրանք մինչև երկու կողմից էլ ընդունելի չլինեն, վերջնական արդյունքի չենք հասնի: Հիմա բանակցում են, երբ վերջնական փոխհամաձայնություն լինի, կանցնենք սահմանազատման գործնական փուլին»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Մայր աթոռի և ընդդիմության խոսույթում կա մեղադրանք այն մասին, որ երբ իշխանությունն ասում է այդ գյուղերն ադրբեջանական են, հայկական չեն, հակառակորդին հարձակվելու լեգիտիմ հիմք է տալիս: Դիտարկմանն ի պատասխան, Չախոյանն ասաց.

«Վաղուց անցել է էդ գավառական շուստրիությամբ հարցեր լուծելու ժամանակաշրջանը: Անցել է էն ժամանակաշրջանը, երբ կարելի էր ներսում մեր հանրությանը մոլորեցնել, բայց դրսում, միջազգային գործընկերների հետ լրիվ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում