Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի
Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդում է իր Telegram-ալիքում։
«Բժիշկները պայքարում են Մախաչկալայում և Դերբենտում իրականացված ահաբեկչության ժամանակ տուժածների կյանքի համար: Այսօր, ցավոք, զոհերի թիվը հասել է 21-ի, որոնց թվում` իրավապահներ և քաղաքացիական անձինք», - ասվում է հրապարակման մեջ։
Այսօր ավելի վաղ ուժային կառույցներում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հաղորդել էր, որ հիվանդանոցում մահացել է Դերբենտի շրջանից ոստիկանության սերժանտ 24-ամյա Նարիման Նասրուլաևը։
Հունիսի 23-ին զինված անձինք Դերբենտում հարձակվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա, որը քաղաքի միակ ուղղափառ եկեղեցին է, Մախաչկալայի Սուրբ Վերափոխման մայր տաճարի, երկու սինագոգների և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։
Զոհվել են ոստիկանության աշխատակիցներ և մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ հոգևորական Նիկոլայ Կոտելնիկովը։ Տուժել է ավելի քան 40 մարդ։
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել, հարուցվել են քրեական գործեր։
Անվտանգության ուժերը ոչնչացրել են հինգ ահաբեկիչների և պարզել նրանց ինքնությունը։
Ինչպես հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը, հարձակվողները հանրապետության Սերգոկալինսկի շրջանից էին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանցից երկուսը շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի զավակներն են, ևս մեկը` նրա եղբորորդին։ Պաշտոնյային ազատել են աշխատանքից։ Ավելի վաղ բերման էին ենթարկել և հարցաքննել։
Կարծիքներ