Երանոսում կանգնեցվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակի Խաչը
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հարավ-արեւմտյան բարձունքին՝ Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում, կանգնեցվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակի Խաչը, որի բարձրությունը հասնում է 44 մետրի՝ խորհրդանշելով հայրենիքի համար մղված կենաց-մահու կռվի օրերի քանակը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Խաչը օրհնվեց հանդիսապետությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։ Խաչի բացման եւ օրհնման արարողությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Երանոսի համայնքապետ Սաշա Բավեյանը, Խաչի կառուցման հովանավորներ Հենրիկ Գասպարյանը եւ Ռոբերտ Շահինյանը, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, համայնքի բնակիչներ:
«Այս պահապան խաչը բարձրացվում է ի հիշատակ այն երանոսցի վեց քաջերի, ովքեր իրենց կյանքի գնով մայր հողն են պաշտպանել Արցախյան բոլոր երեք պատերազմներում։ Իսկ ապրողներս պիտի միշտ խոնարհ ու երախտապարտ լինենք մեր հերոսների անունների ու գործերի առաջ, հայրենաշեն գործերով հզորացնենք այն հայրենիքը, հանուն որի նահատակվեցին նրանք։ Ուզում եմ առանձնահատուկ դրվատանքի ու երախտիքի խոսքեր ուղղել երանոսցի բարերարներ Հենրիկ Գասպարյանին եւ Ռոբերտ Շահինյանին, ովքեր ոչ միայն այս Խաչի կառուցման նվիրական նախաձեռնությամբ, այլեւ տարբեր հայրենաշեն եւ եկեղեցաշեն ձեռնարկներով նեցուկ են լինում ինչպես իրենց համայնքին, այնպես էլ հայրենիքին եւ Մայր եկեղեցուն»,- ներկաներին դիմեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:
Այնուհետև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը բարերարներին նվիրեց Սուրբ Գիրք եւ պատկերազարդ Խաչ:
Ելույթներով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը։
«Այս Խաչը, որն իշխում է բարձունքից, ապրողներիս միշտ հիշեցնելու է մեր հերոսների մղած անձնազոհ պայքարը, նրանց սխրանքի հարատեւությունը։ Մեր հայրենիքը կանգուն մնաց այս հերոս տղաների կյանքի գնով, ու սերունդներն այդ անձնազոհության դիմաց պիտի միշտ նվիրվեն հայրենիքի կառուցման ու շենացման գործին»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Այսօր մեր համայնքում ոգեկոչման բացառիկ օր է, քանզի վեր խոյացած այս Խաչը ոգեկոչում է Արցախյան երեք պատերազմներին Երանոսից մասնակցած Վարդան Ներսիսյանի, Ռաֆիկ Բարբառյանի, Նորիկ Սարգսյանի, Ռոլանդ Ներսիսյանի, Արսեն Սոլկարյանի եւ Վահագն Մխեյանի պայծառ անունները։ Նրանք ապրեցրին մեր աշխարհը իրենց կյանքի գնով, իսկ մենք պիտի մեր ջանքերով կարողանանք պահպանել ու շենացնել մեր հայրենիքը եւ ապրեցնել նրանց անունները։ Համայնքի անունից ուզում եմ իմ երախտիքի խոսքը հղել մեր բարերարներին, ովքեր միշտ եղել են հայրենի երկրի ու հարազատ գյուղի կողքին, միջոցներ չեն խնայել հայրենանվեր բազմաթիվ ձեռնարկների համար։ Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում իրականացված բարեկարգման աշխատանքները եւ Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող Խաչ- հուշակոթողի տեղադրումը մեր գործարարների հերթական հայրենանվեր գործն է։
Ռոբերտ Շահինյանի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ «Հայաստան համահայկական հիմնադրամին» է փոխանցվել յոթ միլիոն ՀՀ դրամ եւ տասնչորս միլիոն դրամի չափով սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ է ուղարկվել ռազմաճակատ։ Հենրիկ Գասպարյանի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել երկու միլիոն ռուսական ռուբլի։ Հայրենի գյուղի շենացման համար Ռոբերտ Շահինյանի եւ Հենրիկ Գասպարյանի ֆինանսական ներդրումները եղել են շարունակական։ Նրանք տասնյակ հազարավոր դոլարներ են ներդրել՝ փողոցների ասֆալտապատման, լուսավորության ցանցի կառուցման եւ այլ աշխատանքների համար։ Նրանց իրականացրած ձեռնարկները եւս հարատեւելու են դարերի ու սերունդների համար»,- նշեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը։
Խոսրով Խլղաթյան
Կարծիքներ