ԼՂ-ից տեղափոխված 361 անձ է բուժում ստանում, պայքարում ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար. Ավանեսյան
Այս պահին արդեն շտապօգնության 13 բրիգադ ուղևորվել են Ստեփանակերտ և պատրաստվում են բոլոր այն անձանց, ովքեր ունենք հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդներ են, անկախ նրանց վիճակից, միասնական ուժերով, բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելով, տարհանելու ենք և բերելու ենք Հայաստանի Հանրապետություն:
Այս մասին այսօր «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սերտորեն աշխատում ենք սոցիալական ծառայությունների հետ, և գիշերը տեղափոխված մեր հայրենակիցների մեջ ևս կան բազմաթիվ առողջական խնդիրներով բազմաթիվ անձինք:
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում մեր մեծաթիվ հայրենակիցները: Այս պահի դրությամբ 361 պացիենտ ունենք, որոնցից 221-ը պայթյունից ստացած վնասվածքներով են և 114-ը՝ ռազմական ագրեսիայի հետևանքով տարբեր վիրավորում ստացած անձինք, մնացած 26-ն արդեն առողջական այլ խնդիրներով պացիենտներ են:
Այս ամբողջ ընթացքում այսօրվա դրությամբ ունեցել ենք 14 մահ՝ տեղափոխման և բժշկական հաստատությունում գրանցված: Դեռ մեծաթիվ պացիենտների վիճակը մնում է ծայրահեղ ծանր և ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- հայտնել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ այս պահին վերակենդանցման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք կա՛մ պայթյունի հետևանքով են տուժել, կա՛մ մարտական գործողությունների ժամանակ են վիրավորվել:
«Երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն, մեկ երեխայի մոտ արդեն ունենք դրական դինամիկա»,- նշեց Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով երկու փոքրիկներ են տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ և ստանում են համապատասխան բուժօգնություն:
Կարծիքներ