Սկսել են գործել մարդասիրական միջանցքներն Ուկրաինայի մի շարք քաղաքներում

Սկսել են գործել մարդասիրական միջանցքներն Ուկրաինայի մի շարք քաղաքներում

Մարտի 7-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից (Երևանի ժամանակով՝ 11։00) Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել և մարդասիրական միջանցքներ է բացել Կիևից, Մարիուպոլից, Խարկովից և Սումիից քաղաքացիական բնակչության ելքի համար՝ հայտնել են Ուկրաինայում Ռուսաստանի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական շտաբից՝ գրում է Interfax-ը:

«Հաշվի առնելով Կիև, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և դրա կտրուկ սրումը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական խնդրանքը, Ռուսաստանի Զինված ուժերը մարդասիրական նպատակներով 2022 թվականի մարտի 7-ի ժամը 10:00-ից հայտարարում են «լռության ռեժիմ» և բացում հումանիտար միջանցքներ: Որոշ միջանցքներ ենթադրում են Ուկրաինայի քաղաքների խաղաղ բնակչության տարհանում դեպի Ռուսաստան»,- հայտնել են շտաբից։

«Մենք զգուշացնում ենք, որ ուկրաինական կողմի բոլոր փորձերը՝ հերթական անգամ խաբելու Ռուսաստանին և ողջ քաղաքակիրթ աշխարհին, թե հումանիտար գործողությունը խափանվում է, իբր, Ռուսաստանի մեղքով, այս անգամ անօգուտ են և անիմաստ: Մենք որոշակի քայլեր ենք ակնկալում պաշտոնական Կիևից, ինչպես նաև թվարկված քաղաքների ղեկավարությունից»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում