Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս մեկի ինքնությունը, ով 2004թ. ծնված Հոսիեկ Սարկիսյանն է (Hosiek Sarkisyan): Վերջինս ձերբակալվել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել էր,  մեկը ներգրավվել որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում էր կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում