Ռեկորդային սմոգը պարուրել է Նեպալի մայրաքաղաքը
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում օդի աղտոտվածության մակարդակը հասել է վտանգավոր մակարդակի, իշխանությունները չորս օրով փակել են դպրոցները: Հաղորդում է Reuters- ը:
Կառավարության պաշտոնյա Շանկար Պաուդելը հայտարարել է, որ անցյալ հանգստյան օրերին մայրաքաղաքում աղտոտվածության մակարդակը 2016 թվականից հետո հասել է գագաթնակետին:
Կրթության նախարարության ներկայացուցիչ Դիպակ Շարման ասել է, որ դպրոցների փակումն ազդել է շուրջ ութ միլիոն աշակերտի վրա:
Կիրակի օրը Կատմանդուի Բհայսեպատի շրջանում մանր պինդ մասնիկների միջին մակարդակը, որը կարող է խորը ներթափանցել թոքերի մեջ, կազմել է 214 միկրոգրամ` մեկ խորանարդ մետրի համար (40 մկգ մեկ խորանարդ մետրի համար ստանդարտ է), հայտնում է Շրջակա միջավայրի դեպարտամենտը:
4 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար սմոգ (ծխամշուշ) են ստեղծում շինարարական աշխատանքների փոշին, տրանսպորտային միջոցների արտանետումներն ու ածխի այրման արգասիքները։
Առողջապահության նախարարությունը հասարակությանը խորհուրդ է տալիս մնալ տանը և դուրս չգալ փողոց, բացառությամբ արտակարգ իրավիճակների:
Կատմանդուի Նեպալի միջազգային օդանավակայանի պաշտոնյաները հայտնել են, որ վատ տեսանելիությունը լրջորեն խոչընդոտում է թռիչքներին:
Կարծիքներ