Կրթօջախները, տեղական կառույցները դժվարությունների առաջ են. Լիբանանում ճգնաժամի ազդեցությունը հայ համայնքի վրա

Կրթօջախները, տեղական կառույցները դժվարությունների առաջ են. Լիբանանում ճգնաժամի ազդեցությունը հայ համայնքի վրա

Լիբանանում դեռ սոցիալական, տնտեսական  ծանր վիճակը պահպանվում է, երկիրը շարունակվում է ֆինանսատնտեսական պաշարման մեջ մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը:

«Երկրում սոցիալական, տնտեսական ծանր պայմաններ են:Թանկացումներն ամենուր են: Առաջին անհրաժեշտության ապրանքներ կան, սակայն գները մատչելի չեն ու դա հանգեցնում է ճգնաժամի: Գործազրկությունը, սղաճը, լիբանանյան արժույթի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ է ստեղծել: Այս ամենն իր ազդեցությունն է թողել նաև հայ համայնքի վրա: Համայնքի օրակարգն ամբողջությամբ փոխվել է: Առաջնահերթություն է դարձել կարիքավորներին օգնելը»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Կաթողիկոսությունը, առաջնորդարանը, համայնքում գործող քաղաքական կուսակցությունները, դրանց առընթեր բարեսիրական միությունները փորձում են առավել կարիքավորներին կենսական օժանդակություն տրամադրել: Իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև նախկին լիբանանահայերը, որոնք քաղաքացիական պատերազմի ժամանակ հանգրվան են գտել այլ երկրներում: Լիբանանի հայ համայնքի օրակարգում ստեղծված ճգնաժամը հաղթահարելն է, կարիքավորներին աջակցություն ցուցաբերելը, հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելը: 

«Այս ամենին գումարվել է նաև համավարակը: Իհարկե, այս պահի դրությամբ բուժհաստատությունները հագեցած չեն, սակայն պետության միջոցները սուղ են, և աջակցման ծրագրերն ընդգրկուն չեն: Այս ամենը հանգեցնում է ծանր վիճակի»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Սոցիալական խնդիրներից զատ, Լիբանանի հայ համայնքը կանգնել է տեղական կառույցների, մամուլի, ազգային հաստատությունների գործունեությունը կայուն պահելու դժվարության առաջ: Կա հայկական կրթօջխաները պահելու խնդիր: Սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ ծնողները պարզապես վճարունակ չեն: Շահան Գանտահարյանը նշեց, որ տարբեր երկրներից հայ համայնքի կառույցները ևս փորձում են օժանդակել:

«Մամուլը ևս դժվարության առաջ է կանգնել: Ծնողազուրկ երեխաների հաստատությունը, բուժարաններ պահպանելու դժվարություն կա, իսկ ֆինանսական միջոցները բացակայում են»,-հավելեց Շահան Գանտահարյանը:

Հասարակության շրջանում ճգնաժամը հանգեցրել է դժգոհությունների, որոնք դրսևորվում են բողոքի ակցիաների տեսքով, ինչպես օրինակ, եղավ տարվա սկզբին: Հանրային տրանսպորտի ոլորտը ներկայացնողները եռօրյա ցույց էին անցկացրել՝ պահանջելով վերանայել վառելիքի գները:  Ժամանակ առ ժամանակ լինում են բողոքի ակցիաներ նաև բանկերի, պետական կառույցների դեմ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրում:

«Կարծես՝ մարդիկ հուսահատվել են: Մայիսին նախատեսվել են խորհրդարանական ընտրություններ: Կան Լիբանանի համայնքային համակարգը վերափոխելու քաղաքացիական պետության պահանջներ, դա կարծում եմ կտրուկ չի լինելու : Սա արմատավորված համակարգ է և կբերի ցնցումների: Պիտի լինի համաձայնեցված, փուլային տարբերակով: Շուտով Լիբանանը այս պայմաններում մտնում է ընտրարշավային հանգրվան»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Հարցին, թե արդյոք լիբանանահայերի շրջանում երկրից դուրս գալու տրամադրություններ կան, Շահան Գանտահարյանը նշեց, որ նման միտում կա, պարզապես մարդիկ իրենց բանկային միջոցներից օգտվելու հնարավորությունից զրկվել են, սառեցվել են գումարները: Դա տեղաշարժվելու հիմնական խոչընդոտն է: Նրա խոսքով, երկրից դուրս գալու համատեքստում հեռանկարային առումով շատերը դիտարկում են նաև Հայաստանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում