Երևանի ավագանու առաջիկա նիստը թեժ է լինելու. Ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու՝ այս տարվա վերջին նիստը, և ավագանու ընդդիմադիր անդամները հույս ունեն, որ գոնե այս անգամ նիստը կվարի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բանն այն է, որ քաղաքապետը երկար ժամանակ է, ինչ չի հաճախում աշխատանքի, նրա հետ մի քանի աշխատակիցներ շփվում են առցանց ձևաչափով. մեծամասնության համար քաղաքապետն անհասանելի է ու անտեսանելի: Իսկ ավագանու առաջիկա նիստը իսկապես թեժ նիստ է լինելու. օրակարգում 23 հարց է լինելու: Արդեն հայտնել էինք, որ օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Երևան քաղաքի բյուջեի նախագիծը` երկու տեսքով՝ պարգևավճարներով և առանց դրա: Այսինքն` քաղաքապետն իր և աշխատակիցների պարգևավճարներ ստանալու հարցը թողել է ավագանու որոշման: Մինչդեռ նախկինում ինչ ցանկացել, միանձնյա որոշել է` փաստի առաջ կանգնեցնելով «Իմ քայլի» թիմին:
Բացի բյուջեից, առանձին հարցով քննարկվելու է նաև մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: Թեժ քննարկում է սպասվում նաև Երևանի փոխքաղաքապետի ընտրության հարցում, որը պետք է փոխարինի Տիգրան Վիրաբյանին: Որպես թեկնածու ներկայացվել է ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը, որն արդեն արժանացել է ընդդիմադիր խմբակցությունների անդամների քննադատություններին: Ընդդիմադիրները նշում են, թե որպես ավագանու անդամ՝ նա բանիմաց է, սակայն փոխքաղաքապետ լինել և այդքան մեծ ոլորտ կառավարել չի կարող»։
Կարծիքներ