Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված էր Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։
Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։
«Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,- նշել է նախարարը։
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի բուժառուների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների նոր մշակույթ։
Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարո Արմենին, թիմին, Լոռու մարզպետարանին, տեղական ինքնակառավարման մարմնին` համատեղ աշխատանքի համար։
Այստեղ հունիսի 1-ին մեկնարկել է պիլոտային ծրագիրը, որն անդրադառնում է բուժառուին մատուցվող առողջապահական ծառայության ողջ ընթացքին։
Նախապես ուսումնասիրվել են առկա խնդիրները, ռեսուրսները և բնակչության կարիքները։
Կարծիքներ