ԱԺ նախագահն Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Որոտանի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը և երկու ժողովրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջև: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք և երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ մեր երկիրը ձգտում է պահպանել և առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության և առևտրային համագործակցության շարունակական աճը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարն ուշադրություն հրավիրեց հատկապես այն փաստի վրա, որ 2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը և դրա բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է: Ալեն Սիմոնյանը նկատեց նաև, որ Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով: Հայկական կողմի տեսանկյունից՝ Իրանը վստահելի ընկեր և լավ հարևան է: Ալեն Սիմոնյանը կարևորեց հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում: Անդրադարձ եղավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը փաստեց, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայ համայնքը բավականին ակտիվ և ընդգրկուն է ներկայացված Իրանում:
Կողմերն անդրադարձան երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին: Այս համատեքստում մեծապես կարևորվեց պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
Կարծիքներ