Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Վրաստանի նախագահն առաջին անգամ է հայց ներկայացնում  Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, այսպես կոչված, ռուսաստանյան օրենքին: Հիշյալ օրենքը հակասահմանադրական է», - Մսխիլաձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Պաշտոնյան հավելել է, որ հայցի միջոցով նախագահը պահանջում է կասեցնել նշված օրենքի գործողությունը և վերջնականապես չեղարկել այն։

Միևնույն ժամանակ կրթության, գիտության և երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գիվի Միկանաձեն ճեպազրույցում հայտնել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի մայիսին, ուժի մեջ կմտնի մի քանի շաբաթից:

Օրենքը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վերոնշյալ օրենքի ընդունման պատճառով ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում