Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթեցվել հայտնի սրճարաններից մեկի մոտ, որտեղ ֆուտբոլասերները դիտում էին 2024 թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղն Իսպանիայի և Անգլիայի միջև։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, 20 մարդ վիրավորվել է։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Շաբաբ» ջիհադիստական խմբավորումը։

Ըստ ականատեսների՝ պայթյունի պահին սրճարանը լիքն է եղել, որոշ մարդիկ նստած են եղել դրսում՝ մայթին։ 

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մի քանի մեքենաներ և շենքեր։

«Ալ Շաբաբ» խմբավորումը, որը «Ալ Քաիդա» խմբավորման մասն է կազմում, ըստ տեղեկությունների, հայտնել է, թե թիրախավորում է վայրը, որտեղ գիշերը հավաքվում են անվտանգության և պետական աշխատողները։

Ջիհադիստական խմբավորումը վերջին 17 տարիների ընթացքում բազմաթիվ ռմբակոծություններ է իրականացրել Մոգադիշոյում և Սոմալիի այլ քաղաքներում։ Վերջին ամիսներին, սակայն, իրավիճակն ավելի հանգիստ էր, քանի որ Սոմալիի անվտանգության ուժերը գործողություններ էին ձեռնարկում խմբավորման դեմ, որը դեռ վերահսկում է երկրի շատ հատվածներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում