Խոտաբույսերով թունավորումների դեպքերն ավելացել են, մասնագետը հորդորում է պահպանել զգուշավորություն
Հանրապետությունում սննդային ու քիմիական թունավորումների ընդհանուր դեպքերի աճի տեմպի նվազում է նկատվում, սակայն դեռ կան որոշ անհանգստացնող ցուցանիշներ։ Մասնավորապես, եթե տարիներ առաջ պարբերաբար թունավորումների դեպքերի աճ էր նկատվում, ապա այս տարի գրանցված ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույն մակարդակի վրա են։ Այս տարի սննդային և քիմիական թունավորումների թիվը ավելի քան 900 է։ Գերակշիռ մասը կազմում են քիմիական թունավորումները։ 2023 թվականի հունվարից մինչև մայիսի երկրորդ կեսը գրանցվել է քիմիական թունավորման 890 դեպք, 2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 887 է։ Այս տարի այդ դեպքերի թիվը կարելի է ասել նույն մակարդակի վրա է։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ հաճախ հանդիպում են թունաքիմիկատներից, դեղորայքից, ալկոհոլից, խոտաբույսերից, լվացող և այլ չճշտված նյութերից թունավորման դեպքերը։ Մասնագետը նկատեց, որ այս տարվա ընթացքում 1,2 անգամ աճել է չճշտված նյութերի, 2,8 անգամ աճել է խոտաբույսերից թունավորումների թիվը։
«Խոտաբույսերով թունավորումները հիմնականում լինում են այն դեպքերում, երբ մեծահասակները հավաքում են տարատեսակ խոտաբույսեր, որոնք կարող են պարունակել թունավոր նյութեր ու օգտագործել սննդի մեջ։ Երեխաների շրջանում գժախոտից թունավորվելու դեպքերի աճի միտում է նկատվում։ Այն զանգականման ծաղիկ է, բավական լավ բույր ունի ու քաղցր է, ինչն էլ գրավում է երեխաներին։ Ծաղկի սերմերը փշի տեսքով են, ու երեխաները դրանք ուտում են։ Այն շատ վտանգավոր է, թույնն ազդում է նյարդային համակարգի վրա, երեխայի մոտ կարող է առաջանալ հալյուցինացիաներ, ընդհուպ՝ նյարդային համակարգի լուրջ բարդություններ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։
Քիչ չեն թունաքիմիկատներից թունավորումները։ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ հիմնականում նման դեպքեր լինում են, երբ թունաքիմիկատներ պատրաստելիս, օգտագործելիս քաղաքացիները չեն կրում անհատական պաշտպանիչ միջոցներ։ Այստեղ գլխավոր հորդորն է աշխատանքի ընթացքում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, աշխատանքից հետո հագուստը փոխել, ձեռքերն էլ անմիջապես լվանալ։
Կենցաղային պայմաններում, անզգուշությամբ պայմանավորված, ևս թունավորումների պակաս չի լինում։ Լինում են դեպքեր, երբ տվյալ նյութը գործարանային արտադրության տարաներում չի պահվում, այլ տեղափոխվում է առանց մակնշման այլ տարայի մեջ, օրինակ՝ հյութի կամ հանքային ջրի շիշ և այլն։ Նման դեպքերում կարող են նաև երեխաները չիմանալ ու օգտագործել այն։
«Շատ կարևոր է, որ այդ նյութերը պահվեն գործարանային համապատասխան տարայի մեջ, առանձնացված ու ամենակարևորը՝ մակնշված։ Բնականաբար, նաև պետք է այն հեռու պահել սննդամթերքից»,-ասաց մասնագետը։
Քիմիականի համեմատ սննդային թունավորումների դեպքերը մեծ թիվ չեն կազմում, սակայն այստեղ ևս անհանգստացնող երևույթներ կան։ Մասնավորապես, ամառվա շրջանում բնության գրկում հանգիստը կազմակերպելիս շատերը սննդի պահպանման կանոններին չեն հետևում։
«Ամառվա շրջանում սննդային թունավորումների ռիսկը մեծանում է, որովհետև ոչ միշտ են արագ փչացող սննդամթերքը պատշաճ պահում։ Արդյունքում խմբակային թունավորման դեպքեր են լինում։ Անհրաժեշտ է անձնական հիգիենայի կանոնները խստորեն պահպանել, միրգը և բանջարեղենը մի քանի րոպե լվանալ հոսող ջրի տակ, սննդամթերքը պահել փակ տարաներում, խուսափել չնախատեսված վայրերում վաճառվող սնունդ գնելիս։ Չօգտագործել կասկածելի ջուր»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։
Այս տարի սննդային թունավորման 15 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ սնկից։ Մասնագետը հորդորում է լինել ուշադիր և կասկածելի ծագման սունկ չօգտագործել։
Եթե ամեն դեպքում թունավորում առկա է՝ լինի դա սննդային, թե քիմիական, մասնագետը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվել։ Առաջին ախտանշաններից են ցավ որովայնի շրջանում, սրտխառնոց, բազմակի փսխումներ, քրտնարտադրություն և այլն։
Կարծիքներ