Գեղարքունիքում շուրջ 16%-ով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրգործերի, 24.5%-ով՝ դատարանում ավարտված գործերի քանակը
Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական հետապնդման մարմինների քրեաիրավական պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության գործունեության արդյունքները:
Ըստ այդմ՝ մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 44 քրեական գործ: Չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ այդ ցուցանիշը 6-ով կամ 15,8 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 6-ն արձանագրվել է կրթության, 25-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության, 3-ը՝ առողջապահության, 1-ը՝ կադաստրային ոլորտներում, 5-ը՝ պետական ոչ առևտրային և 1-ը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում վարույթում քննված 118 քրեական գործերով 65 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68 քրեական գործերով՝ 38 անձի դիմաց: Իսկ կիսամյակի ընթացքում հարուցված քրեական գործերով 16 անձի նկատմամբ է հարուցվել քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 7 ղեկավար, բժշկասոցիալական ոլորտի ծառայության 1 ղեկավար և 7 աշխատակից, ՊՈԱԿ-ի 1 տնօրեն:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 անձի վերաբերյալ 2 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 1 քրեական գործ, որով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 98.512.847 ՀՀ դրամ, որից 7.150.147 ՀՀ դրամը վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է անհրաժեշտ գործիքակազմ:
Հարկ է փաստել, որ գործուն միջոցներ են ձեռնարկվել նաև մարզի համայնքներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, որի արդյունքում նախնական արձանագրված 131.220.100 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 22.067.075 ՀՀ դրամը: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
2020թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դադարեցվել է պետական ոչ առևտրային կազմակերպության 3 պաշտոնատար անձի և գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնի 1 ավագ մասնագետի պաշտոնավարումը, իսկ անտառտնտեսության տնօրենն ազատվել է իր դիմումի համաձայն:
Նախորդ տարվա համեմատ, Գեղարքունիքի մարզի դատախազությունը նախաձեռնողական ակտիվ գործունեություն է ծավալել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Կատարվել է 7 ուսումնասիրություն, որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացներին: Արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ: Այդ գործերով հանցագործությամբ պատճառված վնասից կամովին վերականգնվել է 20.115.075 ՀՀ դրամ:
Բացի այդ, դատարանի կողմից բավարարվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 1.482.400 ՀՀ դրամ վնասը վերականգնելու վերաբերյալ Գեղարքունիքի մարզի դատախազության 2 քաղհայցերը:
2020թ. առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզի դատախազությունը առաջնայնություն է տվել հատկապես քրեական գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանությանը և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու ապահովմանը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարանում ավարտվել է 49 քրեական գործ՝ 60 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարանում ավարտվել է 61 քրեական գործ՝ 64 անձի վերաբերյալ (շուրջ 24,5 %-ով ավելի):
Կարծիքներ