Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստում անդրադարձ է կատարվել քաղաքացիների բողոքներին
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 7-րդ նիստը:
Նիստին ներկա են եղել նաև ՀՀ համապատասխան գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ երկրների հյուպատոսական բաժինների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է «ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման հետ կապված խնդիրները՝ մասնավորեցնելով այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվում։
Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների կողմից ստացվող բողոքներին, ներկայացվել են հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներն ու Հայաստանի արձանագրած առաջընթացը:
Բարձրաձայնված խնդիրների համատեքստում եվրոպական կողմն իր հերթին ներկայացրել է փաստարկներ, որոնք հիմնականում կապված էին դեսպանությունների աշխատանքային ծանրաբեռնվածության և հայաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության հետ։ Միաժամանակ ԵՄ կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ լուծումներ փնտրել՝ խնդրո առարկա հարցում իրավիճակը շտկելու համար։
Արա Մարգարյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականաման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը՝ նշելով, որ հարցը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:
Կարծիքներ