Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

 

«Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին:

 

Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ:

 

Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան», «Զինվորն ու փիղը», «Քաոս» հայ կինոարվեստի հարուստ ժառանգության նշանակալի մասն են: Պարոն Աթոյանցի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել հայ կինոյի այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Քեոսայանը, Հենրիխ Մարգարյանը և այլք: Այդ համագործակցության արդյունքում էլ կերտվել է հայկական կինոյի հարուստ ժառանգության մի նշանակալի մասը:

 

Օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, գործին անշահախնդիր նվիրման շնորհիվ: Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, հայկական կինոյի ներկայացուցիչներին և կիսում նրանց վիշտը»: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում