Աննա Հակոբյանն այցելել է «Կապանի Ժամանակակից արվեստի թանգարան»

Աննա Հակոբյանն այցելել է «Կապանի Ժամանակակից արվեստի թանգարան»

Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան:

Այնտեղ վարչապետի տիկնոջը դիմավորել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գևորգյանը:

Համայնքի ղեկավարն Աննա Հակոբյանին ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը, սրահներում ցուցադրված աշխատանքները: «Կապանի ժամանակակից արվեստի թանգարան»-ը գործում է 1990 թվականի մայիսի 10-ից: Թանգարանը սուբվենցիոն ծրագրով նորոգվել է և վերաբացվել 2021 թվականին: Մշակութային կենտրոնի 6 սրահում ցուցադրված են կապանցի արվեստագետների, գեղանկարիչների, քանդակագործների, դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունները:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սրահում ցուցադրվող իր աշխատանքներն է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Սարգսյանը:

Թանգարանում ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ֆոնդի ցուցադրման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչապետի տիկնոջը խնդրեց հնարավորություն ընձեռել պայմանագիրը երկարաձգելու և թանգարանում ներկայացված նմուշների ցուցադրությունը շարունակելու համար:

Աննա Հակոբյանը համայնքի ղեկավարից հետաքրքրվեց նաև Կապանում իրականացվող շինաշխատանքներից: Գևորգ Փարսյանը հայտնեց՝ դրանք ակտիվ փուլում են, այժմ համայնքում կառուցվում է 3 բարձրահարկ շենք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում