Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաքը, Ասադը լքել է Դամասկոսը
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների զինյալները վերահսկողություն են հաստատել Դամասկոսում։ Ենթադրվում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է քաղաքը։ Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական բանակի երկու սպաների, հայտնել է, որ նախագահի ինքնաթիռը գնացել է անհայտ ուղղությամբ:
Այս մասին հայտնել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարությանը ենթակա զորամասերը դուրս են գալիս Դամասկոսից։
Ընդդիմադիր ուժերը գրավել են Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը և պետական հեռուստատեսության գրասենյակը։ Իշխանամետ Sham FM ռադիոկայանը հայտնել է քաղաքում պայթյունների մասին։
Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալին առայժմ հրաժարվում է լքել երկիրը, նա մտադիր է ապահովել պետական կառույցների գործունեությունը և հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ:
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին հայտարարել է, որ կառավարական հաստատությունները կմնան կառավարության վերահսկողության տակ մինչև իշխանության փոխանցումը։
Կարծիքներ