Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը դիմեց Ադրբեջանին
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը Երևանից զգուշացում հղեց Ադրբեջանին, հորդորեց զգույշ լինել, որ Ռուսաստանը կրկին գերիշխող դիրք չզբաղեցնի նախկին Խորհրդային միության հանրապետությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուիքերն այս ամսին ասաց Հայաստանի ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
«Մենք Ռումինիայում մասնակցում էինք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին: Եվ առաջին տեղը, որ ընտրեցինք համաժողովից հետո այցելելու համար, Հայաստանն էր՝ այս գեղեցիկ երկիրը՝ տեսնելու այն, ինչ մենք կարող ենք միայն տեղում տեսնել, լսել՝ խոսելով մարդկանց, ղեկավարների հետ»,–ասաց Ռոջեր Ուիքերը:
Նա պատվիրակության անունից ասաց՝ չի մտաբերում որևէ այլ այցելություն, որտեղ այսքան ջերմ ու քաղաքավարի ընդունելության արժանացած լինեն: Հիացած են այն ընդունելությամբ, որին արժանացել են Հայաստանում:
«Կարծում ենք, որ իրավիճակի, հարևանության վերաբերյալ բավականին շատ բան գիտեինք: Բայց այցը մեզ թույլ տվեց շատ ավելին իմանալ: Այն, ինչ մենք իմացանք, մեկ անգամ ևս հաստատեց, որ Հայաստանը գտնվում է դժվարին հարևանության մեջ, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով»,–ասաց նա:
Սենատորը շնորհավորեց Հայաստանի Սահմանադրության օրվա առիթով:
Նա մեջբերեց Թոմաս Փեյնի խոսքերը, որ ժողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել: «Պատմությունը դա մեզ քանիցս ցույց է տվել: Այսօր էլ տեսնում ենք դա: Աշխարհում, նաև այս տարածաշրջանում կան այն ուժերը, որոնք փորձում են ի ճիգ դարձնել ժողովրդավարությունը, ազատությունները: Եվ Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար: Եվ հիմա՝առավել քան երբևէ հստակ է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուզում են, որ այն ամբողջականացվի և ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, վերջին պատերազմի ռազմագերիներն ազատ արձակվեն»,–ասաց Ուիքերը:
ԱՄՆ պատվիրակությանը նաև փոխանցել են Հայաստանի ղեկավարության՝ սահմանները բացելու ցանկությունը, որ լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից, նաև խթանվի տնտեսությունը Հայաստանում: Սենատորը վստահեցրեց՝ իրենք Հայաստանի կողքին են այդ հարցում:
«Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին և ԵԱՀԿ մյուս անդամներին մի խոսք ուղղել՝ զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ: Ուզում եմ խորհուրդ տալ, որ Ադրբեջանում մեր բարեկամները փորձեն հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը: Եվ մենք քանիցս դա տեսել ենք, այս զգուշացումը ես ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, որոնք Ադրբեջանում են, զգուշացեք, որ «ռուսական մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,–ասաց նա:
Կարծիքներ