Եթե իմանամ՝ ժպիտս մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա էլի կժպտամ. Միրզոյանը՝ Չավուշօղլու հետ լուսանկարում ժպտալու մասին

Եթե իմանամ՝ ժպիտս մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա էլի կժպտամ. Միրզոյանը՝ Չավուշօղլու հետ լուսանկարում ժպտալու մասին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց Անթալիայում իր և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու հանդիպումից:

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ճիշտ որոշում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելը:

«Մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են կարգավորել իրենց հարաբերությունները և բացել սահմանները: Այս գործընթացի մեջ 2 նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ: Կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց երկու կողմերն էլ ևս մեկ անգամ հաստատեցին, որ շարունակում են երկխոսությունը առանց նախապայմանների»,- ընդգծեց Միրզոյանը:

Արտաքին հարցերով գերատեսչության ղեկավարը հայտնեց՝ քննարկվել են նաև այդ կոնտեքստում այլ ընթացիկ խնդիրներ:

Անդրադառնալով իր և Չավուշօղլու հանդիպման ընթացքում վերջինիս փողկապ չկրելուն և սոցիալական ցանցերում դրա արձագանքին՝ ԱԳ նախարարն ասաց. «Այդ ֆորումին առանց փողկապների ֆորմատ էր հայտարարված: Տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ մի մասը կրում է փողկապ, մի մասը՝ ոչ»:

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ լուսանկարում ժպտալու վերաբերյալ էլ Միրզոյանն ասաց. «Եթե ես իմանամ, ողջ հարգանքով բոլոր զոհերի և նրանց ընտանիքիների անդամների զգացմունքների նկատմամբ, որ իմ ժպիտը ապագայում գեթ մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա ես էլի կժպտամ ու կժպտամ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում