Մեծ ծառատունկ Սևանա լճի ափին, տնկվեց 10,000 տնկի․ Ռոմանոս Պետրոսյան

Մեծ ծառատունկ Սևանա լճի ափին, տնկվեց 10,000 տնկի․ Ռոմանոս Պետրոսյան

Մեծ ծառատունկ Սևանա լճի ափին․ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց 10,000 տնկի

Այսօր Գեղարքունիքի մարզում մասնակցեցի «Սևան» ազգային պարկի տարածքում մաքրման աշխատանքներին, ապա ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում իրականացրեցինք մեծ ծառատունկ՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկելով ևս 10,000 տնկի։

Ինձ հետ էին նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, Գեղարքունիքի փոխմարզպետը, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի անզուգական գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաև գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սևանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ՝ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու տնտեսական արժեքը:

Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկ, որոնք համատեղ ջանքերով պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին:

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում այսօրվա ծառատունկն ուղղված էր ոչ միայն մեր երկրում անտառածածկ տարածքների ավելացմանը, այլև խորհրդանշում էր հետպատերազմյան շրջանում մեր պետականության ու ժողովրդի վերածնունդը։ Ընտրվել էր այնպիսի տեղանք, որտեղ հնարավոր կլինի նաև ապահովել տնկված ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը:

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը կընթանա մի քանի փուլերով և կավարտվի այս տարվա ընթացքում:

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներում: Այն կներառի ինչպես «Սևան» ազգային պարկի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները։

Համազգային այս նախաձեռնությամբ մենք ցանկություն ունենք ներազդել հասարակության վարքին և ամեն հաջորդ անգամ ընդգրկել Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում