Եթե հայկական բեռներն Ադրբեջանով չանցնեն, ադրբեջանական բեռները ՀՀ-ով չեն անցնի. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ եթե Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը ապահովված չլինի, բեռնափոխադրումներ չեն իրականացվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե որքան կարժենա Ադրբեջան–Նախիջեւան երկաթուղու շինարարությունը հայկական հատվածում, և եթե Հայաստանի համար վերաբացվի երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով, արդյոք երաշխավորված կլինի բեռնափոխադրումների անվտանգությունը:
«Եթե այդ պայմաններում, ենթադրենք, հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջանական բեռները հայկական տարածքով չեն անցնի: Բնականաբար, երբ որ քննարկում ենք այդ հարցերը, նկատի ունենում նաև դա: Պատկերացրեք` ինչ անտրամաբանական կլինի, որ հանկարծ երկաթուղի բացենք և դա չօգտագործվի: Եվ այստեղ հարց կառաջանա` բա այդքան ներդրումները ինչո՞ւ արվեցին»,- նշեց Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է երկաթուղու շինարարության արժեքի վերաբերյալ գնահատականներին` վարչապետն ասաց, որ նախնական տվյալներով երկաթուղու շինարարության արժեքը կազմում է 200 միլիոն դոլար, բայց այն ավելի կհստակեցվի նախագծերի և նախահաշիվների պատրաստ լինելու պարագայում:
«Այդ բոլոր թվերը շատ մոտավոր են»,- հավելեց վարչապետը:
Կարծիքներ