Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ

Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանն՝ ավելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարվել տեղի հույն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

«Ավստրալիայի կառավարության վրա նոր ճնշում է բանեցվում, ու դա արվում խորհրդարանի միջոցով: Որպես ժողովրդավարական քաղաքականություն ունեցող երկիր, ակնկալվում է, որ կառավարությունը պետք է լսի խորհրդարանին: Մենք դա տեսանք ԱՄՆ-ի պարագայում: Եվ երբ առկա է ճնշում խորհրդարանից, ապա գործադիրի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է»,-ասաց Հաjկ Գայսերյանը:

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նշեց, որ հույների ասորիների համայնքների ներկայացուցիչների հետ շարունակելու են ակտիվ աշխատանքն ինչպես Սենատի, այնպես էլ գործադիրի ուղղությամբ: Նա նկատեց, որ այսօր գործադիրում կան մարդիկ, որոնք նախկինում ճանաչել են 1915 թվականի ցեղասպանությունը և համապատասխան կոչերով հանդես եկել:

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923  թվականների  ընթացքում  հայերի,  ասորիների  ու  հույների  դեմ  իրականացված ցեղասպանությունները:

Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948  թվականի  Ցեղասպանության  հանցագործության  կանխարգելման  և  դատապարտման  մասին  կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923  թվականների  ընթացքում  հայերի,  հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում