Հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն. Բաղդասարյանը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ կեղծ նյութի մասին

Հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն. Բաղդասարյանը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ կեղծ նյութի մասին

VT Foreign Policy կոչվող կայքը և որպես հեղինակ ներկայացվող Լուկաս Լեյրոզը (Lucas Leiroz) հրապարակել են հերթական կեղծ նյութը, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի և մի շարք պետական պաշտոնյաների հասցեին ներկայացվում են ծանր և ակնհայտ անհիմն մեղադրանքներ՝ իբրև թե թրաֆիքինգի և օրգանների վաճառքի կազմակերպման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

 

«Ակնհայտ է, որ հրապարակումը շահարկում է հասարակության համար ծայրահեղ զգայուն և էմոցիոնալ թեմաներ՝ մարդու առողջության, օրգանների փոխպատվաստման և ենթադրյալ թրաֆիքինգի վերաբերյալ՝ փորձելով ձևավորել շոկային և վարկաբեկիչ տեղեկատվական ֆոն։ Նման մեթոդաբանությունը տեղեկատվական մանիպուլյացիայի տարածված գործիքներից է, երբ հասարակական բարձր զգայունություն ունեցող թեմաները օգտագործվում են պետական ինստիտուտների և պաշտոնյաների նկատմամբ անվստահություն ձևավորելու նպատակով։

 

Հատկանշական է նաև նյութի տարածման դինամիկան։ Այն նախ տարածվել է սոցիալական մեդիայում՝ այդ թվում X հարթակում հենց հեղինակի կողմից, այնուհետև արագորեն տարածվել է բոտ ցանցերի միջոցով, վերարտադրվել է մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ այսօր արդեն հայաստանյան ներքաղաքական տեղեկատվական դաշտում տիրաժավորվել է որոշ քաղաքական շրջանակների և շահագրգիռ դերակատարների կողմից։ Այս հերթականությունը բնորոշ է տարածաշրջանային տեղեկատվական միջավայրում հաճախ հանդիպող ապատեղեկատվության տարածման մեխանիզմներին։

 

Կարևոր է արձանագրել, որ տվյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն։

 

Այս պահին արդեն Հայաստանի Հանրապետության մի շարք լրատվամիջոցներ դիմել են պարզաբանումների համար։ Ուստի անհրաժեշտ եմ համարում հստակ արձանագրել․ սույն հրապարակումը ապատեղեկատվություն է և պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողությունների հերթական դրսևորում»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում