Թուրքիայում փորձում են փակել ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը

Թուրքիայում փորձում են փակել ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը

Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական դատախազությունը ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) փակելու պահանջով նոր մեղադրական եզրակացություն է ուղարկել Սահմանադրական դատարան: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

850 էջից կազմված մեղադրական եզրակացությամբ պահանջ է ներկայացվել արգելել շուրջ 500 ընդդիմադիր կուսակցական գործչի քաղաքական գործունեությունը։ Պահանջվել է նաև սառեցնել կուսակցության բանկային հաշիվները:

Նշենք, որ դեռևս 2021թ. մարտի 17-ին Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով HDP-ի գործունեության դադարեցում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, մամուլի ասուլիսում անդրադառնալով թեմային, նշել է, որ HDP-ի դեմ դատական գործընթացը վերսկսել է թերությունները վերացնելուց հետո:

Կուսակցության սոցցանցի պաշտոնական էջում կոչ է արվում դատել մաֆիայի անդամներին՝ ակնարկելով, որ կառավարության անդամները կապված են հանցախմբի հետ:

«Ոչ թե HDPԿ-ին, այլ մաֆիային դատիր» հեշթեգով արված գրառման մեջ մասնավորապես ասված է. «ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն AKP -խմբ.) և MHP-ի (ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքի պատմությունը մաֆիան է գրում: HDP-ի պատմությունը ժողովուրդն է գրում: Մաֆիայի վերաբերյալ խոստովանությունների թեմայով ձայն չհանողները ցանկանում են, մեր կուսակցության վրա հարձակվելով, պահպանել իրենց իշխանությունը»:

Թուրքիայում այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների (մասնավորապես ՆԳ նախարար Սուլեյման Սոյլու) հնարավոր կապը մաֆիայի պարագլուխների հետ:

Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայից փախած ու ԱՄԷ-ում ապաստանած հանցախմբի պարագլուխ Սեդաթ Փեքերը սոցցանցի իր էջի պարբերական ուղիղ եթերների ընթացքում ուշագրավ բացահայտումներ արեց Սոյլուի և այլոց մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում