Մայիսին հանրապետությունում գրանցվել է 690 արտակարգ դեպք և պատահար. խորհրդակցություն ԱԻՆ-ում
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին՝ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Խորհրդակցության մեկնարկին Արմեն Փամբուխչյանն անձնակազմին է ներկայացրել ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին:
Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ-ի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը:
Լիլիթ Միրզախանյանը զեկուցել է աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության կողմից 2022 թ. մայիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, նաև ներկայացրել ներքին օրակարգի հետ կապված մի շարք հարցեր և առաջարկություններ:
Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է մայիս ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Մայիս ամսվա ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացվել է 54.121 զանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50.010-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 493 ահազանգ, որից 469-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:
ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 690 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 215-ը վերաբերել են հրդեհներին (2021 թ.` 355), իսկ 311-ը՝ ՃՏՊ-ներին (2021 թ.` 380): Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են կենցաղային բնույթի դեպքերը:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրառվել է 903 տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն, նաև մեկ բացասական եզրակացություն: Կնքվել է ընդհանուր առմամբ փորձաքննության իրականացման 230 պայմանագիր:
Նիստի ավարտին փրկարար ծառայության 4 աշխատակից ստացել է սպայական իրենց առաջին՝ լեյտենանտի, կոչումը, իսկ Վահագն Ալավերդյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում:
Կարծիքներ