Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Փոքր Վեդիի համայնքապետ Կարեն Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ երեխաների դաստիարակը ծեծում է քնելու պառկած երեխային։ Դեպքը տեղի էր ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
Տեսանյութը տարածվելուց հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում․ 45-ամյա դաստիարակը ձերբակալվել էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառել):
Երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը, սակայն, 3 օր անազատության մեջ մնալուց հետո չէր կալանավորվել, քանի որ երեխայի ծնողները բողոք չէին ներկայացրել դաստիարակի դեմ։
Կարծիքներ