Զապորոժիեի ատոմակայանն անցել է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ
Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքն անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ՝ հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։ «Օպերատիվ անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումն անվտանգ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգերի պահանջներին համապատասխան»,- նշված է հաղոդրագրության մեջ:
Ատոմակայանի տարածքում մարտերի պատճառով բռնկված հրդեհը մարվել է։ Մահացածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է հենց ատոմակայանում, սակայն ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է տեղեկատվությունը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։
Ուկրաինական կարգավորիչը տեղեկացրել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
Զապորոժիեի ԱԷԿ-ը համարվում է Եվրոպայի տարածքի ամենախոշոր էլեկտրակայանը:
Կարծիքներ