ՀՀ երիտասարդների պատվիրակությունը Ղրղզստանում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին
Օգոստոսի 25-26-ը Հայաստանի երիտասարդների պատվիրակությունը ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին:
Իր ձևաչափով աննախադեպ այս ֆորումը (ԵԱՏՄ երկրներից բացի՝ մասնակիցներ էին հրավիրված նաև ԱՊՀ երկրներից) տեղի է ունեցել նույն քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զուգահեռ։
Երիտասարդական ֆորումին մասնակցել են ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններից և ԱՊՀ երկրների շարքից՝ Ուզբեկստանից, ավելի քան 200 պատվիրակներ՝ երիտասարդ առաջնորդներ, ուսանողներ, ձեռներեցներ, պետական ծառայողներ, դիվանագետներ, երիտասարդ ստեղծագործողներ և այլն։
Ֆորումի նպատակն էր ընդլայնել անդամ պետությունների երիտասարդների միջև համագործակցության շրջանակը, միավորել ակտիվ երիտասարդներին, ինչպես նաև ստեղծել լրացուցիչ հնարավորություններ՝ նոր գաղափարների և նախաձեռնությունների պլանավորման և դրանց իրականացման նպատակով նոր կապերի ստեղծման համար։
Միջոցառման բացման արարողությանը պատվիրակություններին ողջունել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ Վերջինս նշել է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր ուղղություններից մեկն է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած ՀՀ պատվիրակության կազմը բաղկացած է եղել 12 անձից․ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Վերոնիկա Խորասանյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, երիտասարդներ ՀՀ ԱԳՆ-ից, ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամից։
Հայկական պատվիրակներն ակտիվ մասնակցել են ֆորումի բոլոր քննարկումներին, որոնք ընդգրկել են հետևյալ ուղղությունները՝ «երիտասարդ ձեռներեցներ», «երիտասարդ պետական ծառայողներ», «ստեղծարար երիտասարդներ» ու «կրթություն և հասարակական նախագծեր»։ Մասնակիցները հանդես են եկել տարաբնույթ առաջարկներով, կամավոր աշխատանք իրականացրել Իսիկ Կուլ լճի շրջակայքում և պարգևատրվել Ղրղզական Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովի կողմից։
Ֆորումի առանցքային միջոցառումը դարձել է գործնական նախաճաշի շրջանակում տեղի ունեցած պատվիրակությունների ղեկավարների և երիտասարդների հանդիպումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների հետ։ ՀՀ-ից հանդիպմանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանդիպման ժամանակ երիտասարդները երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնք առնչվել են կրթությանը, մշակույթին, սպորտին, կամավորությանը, ձեռնարկատիրությանը, տուրիզմին, նորարարությանը։ Մասնավորապես, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ, երիտասարդ ձեռնարկատեր Հայկ Հարությունյանի առաջարկը վերաբերել է կրթության ոլորտին, այն է՝ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել առավել ստեղծարար, կրթված երիտասարդություն ունենալու համար։ ՀՀ պատվիրակն առաջարկել է մասնագիտական կրթության համակարգում ստեղծել առցանց կրթության նոր հարթակներ, ինչպես նաև մշակել և ներդնել արտադրական պրակտիկաների և փորձնակության ծրագրեր, որոնք ոչ միայն ուսանողների աշխատանքային առաջխաղացման համար, այլև երիտասարդ պետական ծառայողների, երիտասարդ մասնագետների, գիտնականների և դասախոսների համար ժամանակակից և հարմար գործիքներ կլինեն։ Մեկ այլ առաջարկությամբ երիտասարդ պատվիրակն առաջարկել է դիտարկել ԵԱՏՄ շրջանակում ակադեմիական փոխանակման ծրագրերի ստեղծման հնարավորությունը, որը կնպաստեր ԱՊՀ և ԵԱՏՄ միջավայրերում կրթության որակի բարձրացմանը, շարժունակության զարգացմանը և մշակութային կապերի ստեղծմանը։
Նախաճաշի ընթացքում երիտասարդների հնչեցրած առաջարկներին արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Երկու օրերի ընթացքում երիտասարդական ֆորումի մասնակիցների համար կազմակերպիչներն անցկացրել են նաև մշակութային միջոցառումներ՝ հյուրերին ներկայացնելով Ղրղզստանի մշակույթը, խոհանոցը, կենսակերպն ու ավանդույթները։
Կարծիքներ