Երևանում մեկնարկել է «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Երևանում մեկնարկել է «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

 Երևանում մեկնարկել «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում մայիսի 24-28-ը կցուցադրվի վերջին տարիների նկարահանված բնապահպանական ավելի քան 30 ֆիլմ աշխարհի տարբեր անկյուններից։ 

Փառատոնը մեկնարկեց համերգային ծրագրով, որից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Մաշա Կարպուխինայի «Սոխակներից վերջինը» կարճամետրաժ ֆիլմը։ 

Ողջունելով ներկաներին՝ փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը նշեց՝ շատ մեծ ճանապարհ են անցել և այդ ընթացքում բազմահազար երիտասարդների, երեխաների մի մեծ բանակ է կրթվել՝ դառնալով բնության հանդեպ ավելի պատասխանատու և ուշադիր։ 

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամենաերջանիկ պահն է, երբ դու ինչ-որ բան ստեղծում ես և քո ստեղծածը շարունակություն է ունենում։ Ես վստահ եմ, որ փառատոնը տարեցտարի ավելի գունեղ և հետաքրքիր կդառնա՝ ընդգրկելով նաև միջազգային հանրության լայն շրջանակ»,- նշեց հիմնադիրը։ 

Այս տարի փառատոնի շրջանակում ֆիլմերը կմրցեն հետևյալ 4 անվանակարգերում՝ ֆիլմեր բնապահպանների մասին, լիամետրաժ վավերագրական ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, ինչպես նաև երիտասարդների և երեխաների կողմից բնապահպանության մասին նկարահանված ֆիլմեր։ 

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը նշեց, որ այս տարի փառատոնը մի շարք բաղադրիչներ ունի, որի շրջանակում անցկացվելու է շատ հետաքրքիր նախաձեռնություն պատանիների ու երիտասարդների ընդգրկմամբ։ 

 «Մայիսի 26-ին փառատոնի մասնակիցները, պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու իրական տոնախմբության՝ «Կենդանիների դիմակահանդես-շքերթին»։ Ավելի քան 400 երիտասարդներ ողջ Հայաստանից կներկայանան իրենց կողմից թափոններին «երկրորդ կյանք» տալու արդյունքում ստեղծված զգեստներով, դիմակներով՝ մարմնավորելով տարբեր վտանգված կենդանիներ կամ բուսատեսակներ՝ նման ձևով հանդես գալով կարևոր բնապահպանական ուղերձներով։ Բոլոր մասնակիցներն իրենց ստեղծած գունագեղ կոստյումներով մի քանի ժամ շարունակ քայլերթ կիրականացնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ բնակիչներին ևս իրազեկելով թեմայի հրատապության և արդիականության մասին։ Ամենաստեղծարար 5 խմբերը կստանան խրախուսական մրցանակներ»,- ասաց Սոնա Քալանթարյանը։ 

Փառատոնի տնօրենը, ներկայացնելով սպասվող մի շարք հետաքրքիր ծրագրերը, նշեց, որ հանրությունը մայիսի 24-28-ը հնարավորություն կունենա դիտելու «Փխրուն տարածություն» և բնապահպանական պաստառային արվեստի ցուցահանդես։ 

«Առանցքային թեման մարդկային գործունեության ու շրջակա միջավայրի միջև նուրբ ներդաշնակությունն է։ Մասնավորապես, ներկայացված աշխատանքները բարձրաձայնելու են բնապահպանական այն վտանգները, որոնց առջև այսօր կանգնած է մեր մոլորակը։ Նմուշները ներառում են վիդեո ինստալացիաներ, տեղեկատվական էկրաններ, արհեստական բանականության գեներացրած պատկերներ, վերամշակված նյութերից պատրաստած քանդակներ, պաստառներ և այլն։ Դրանց հեղինակներն են Ալեքս Ֆրոստը, Ալեքսեյ Մանուկյանը, Լիլիթ Ստեփանյանը, Տի Կոստանը, Դան Պերյովշին, Դավիթ Գալստյանը, Վահան Խաչատրյանը, Գրիգոր Խաչատրյանը, Գեղամ Սարգսյանը»,- հայտնեց նա։ 

Մայիսի 24-28-ին Կինոյի տանը այցելուների համար բաց կլինի նաև վայրի բնության լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի անհատական «Հայաստանի կենսաբազմազանությունը» ֆոտոցուցահանդեսը, որը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանում հանդիպող ամենատարբեր թռչունների, կաթնասունների, միջատների ու սողունների։ 

Այս տարի փառատոնը առավել մեծ ուշադրություն է հատկացրել երիտասարդներին՝ ստեղծելով երիտասարդական անկյան երկու գոտի։ 

«Առաջին գոտում կլինի ցուցահանդես, որտեղ կներկայանան բնապահպանական կրթության, երիտասարդների ներգրավման հարցերով զբաղվող առաջատար կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը, հաջողությունների պատմություններն ու համագործակցության հնարավորությունները։ Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծել ինչպես ոլորտային կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու, փորձի փոխանակման, այնպես էլ երիտասարդներին ոլորտում առկա հնարավորությունների մասին իրազեկելու համար»,- ներկայացրեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կրթական ծրագրի համակարգող Արթուր Զաքարե Հարությունյանը։ 

Նա հավելեց, որ երիտասարդական անկյան երկրորդ գոտում իրականացվելու են աշխատարաններ, գործնական աշխատանքներ, ինտերակտիվ քննարկումներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Կայուն նորաձևություն և տեքստիլ», «Քաղաքային այգեգործություն», «Ձրի շուկա», «Կլիմայական արդարություն» և այլն։ Թեմատիկ ինտերակտիվ քննարկումներից և գործնական աշխատանքներից հետո տեղի է ունենալու ֆիլմերի դիտում։ 

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանն աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում