Հայր սուրբը սուտ է խոսում. Վազգեն Գալստանյանը խուսափեց պատասխանել քաղաքացու հարցին
«Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի Հանրապետության հզորացումը և ինչպես եք պատկերացնում մեր սահմանների հաստատումը՝ դելիմիտացիան ու դեմարկացիան»:
Այս մասին Սյունիք այցելած Վազգեն Գալստանյանին հարց ուղղեց նրան մոտեցած քաղաքացիներից մեկը: Գալստանյանը հարցին հստակ ու կոնկրետ պատասխան չտվեց՝ փոխարենը հորդորելով լսել իր նախկին ելույթները, մոտենալ այլ պահի և այլ ժամանակ, հարցեր ուղղել այլ տեղում:
«Դու եթե գիտես, որ ինձ հաստատել են որպես վարչապետի թեկնածու, պետք է իմանայիր մինչև հիմա, թե ոնց եմ պատկերացնում»,-ասաց Գալստանյանը:
Հարցի հեղինակ կինը նշեց, որ չգիտի պատասխանը և ուզում է անձամբ Գալստանյանից լսել, չի վստահում լրատվամիջոցներին, ուզում է լսել տետատետ:
Գալստանյանը դարձյալ ոչինչ չպատասխանեց, նրան ուղեկցողներից մեկը միջամտեց՝ ասելով, թե ժամը 2-ին Գորիսի բնակիչների հետ հանդիպում ունեն, եթե կինը մեքենա չունի, կարող են իրեն էլ տեղափոխել, քաղաքացիները սպասում են:
«Ես էլ եմ քաղաքացի, ես էլ եմ սպասում»,-նշեց Հասմիկ ներկայացած հարցատուն:
«Ես զգում եմ, որ դու անընդհատ խոսելու ես, իսկ քանի որ անընդհատ խոսելու ես, լավ կլինի, որ մի անգամ փորձես լսել, ես հիմա ի վիճակի չեմ, կգաս Գորիս, կլսես, գնացինք»,-ասաց Գալստանյանն ու հեռացավ:
Ի պատասխան, կինը նշեց, որ ինքը պատրաստ է և հակված է լսել, սակայն իր հարցի պատասխանը չհնչեց:
Գալստանյանին ուղեկցող կանանցից մեկն էլ հարցի հեղինակին հորդորեց գնալ Սուրբ Աննա եկեղեցու բակ, ինչին հարցատուն արձագանքեց, թե իրեն հաճելի չէ, որ եկեղեցին վերածվել է քաղաքական օբյեկտի:
Կնոջը մեղադրեցին աղանդավոր լինելու, «Հայր մեր»-ը չիմանալու, սադրելու մեջ, նշեցին, թե վերջինիս հատուկ են «ուղարկել», հոգևորականներից մեկն էլ հայտարարեց, թե կինը չորրորդ անգամ է սադրում:
Լրատվամիջոցների հետ զրույցում Հասմիկը նշեց, որ իրեն ոչ ոք չի ուղարկել, ինքը սադրիչ չէ, Երևանից ժամանած ուխտավոր է, և հասել է Սյունիք՝ Տաթևի վանք այցելելու համար:
«Սրբազանին հարց եմ տվել ընդամենը, որպես հայ մարդ, որպես քաղաքացի, որպես ընտրող ուղիղ հարց եմ տվել և տեսա մանիպուլյացիա, հոգեբանական տրյուկներ, որ փորձում են ինձ վատ ներկայացնել»,-նշեց կինը:
Լրագրողը հստակեցրեց, թե հոգևորականը պնդում է, որ հարցատուին չորրորդ անգամ է տեսնում սադրելուց.
«Հայր սուրբը սուտ է խոսում, ես հիմա ո՞նց կարող եմ նրան հավատալ, ես առաջին անգամ եմ էստեղ ու պատահաբար եմ մոտեցել»,-նշեց կինը:
Կարծիքներ