Դուք սխրանքներ եք գործում ամեն վայրկյան՝ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ. Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուղերձ է հղել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ,
հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է, և այս տարի պատերազմելու պարտադրված Արցախում դուք նաև զինվոր եք ու ձեր մասնագիտական տոնը նշում եք մարդասիրական ոչ մի սահման, ոչ մի արժեք չճանաչող թշնամու հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից խաղաղ բնակչությանը պաշտպանելով, հայրենիքի սահմանների վրա մարտնչելով: Դուք սխրանքներ եք գործում ամեն վայրկյան՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Ցավոք սրտի, ունենք նաև թանկագին կորուստներ, և մեր խոնարհումը նրանց հիշատակի առաջ: Ձեր շարքերում կան վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ ցանկանում:
Ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն և այս պատերազմում վերջնական հաղթանակի անկոտրում կամք: Այս պատերազմը ձեզանից առավելագույն հոգատարություն ու պատասխանատվություն է պահանջում, և դուք անում եք անկարելին՝ բարձր պահելով փրկարարի կոչումը, պատիվն ու արժանապատվությունը:
Սիրելի՛ գործընկերներ,
Ձեզանից յուրաքանչյուրը թանկ է մեր երկրի համար. յուրաքանչյուրդ՝ առանձին-առանձին:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ՀԱՂԹԱՆԱԿ:
Մենք հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ:
Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- ասված է նախարարի ուղերձում:
Կարծիքներ