Հումանիտար բեռը անշարժ է, միջազգային հանրության կողմից նկատվում է մտահոգության և ուշադրության զգալի աճ. Վարդան Սարգսյան
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությանը, թե իբր այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը կապ ունի հումանիտար բեռնափոխադրման հետ:
«Այս քայլը նպատակ ունի վարկաբեկելու այս` բացառապես հումանիտար նախաձեռնությունը, այս տեղեկատվությունը սադրիչ բնույթ ունի, քաղաքացին որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և «Սպայկա» ընկերության հետ: Մեր 19 վարորդները բոլորը տեղում են, որևէ խնդիր չկա այս առումով»,- ասել է նա:
Հումանիտար բեռների տեղափոխման հետ կապված զարգացումներին անդրադառնալով` Սարգսյանը նշեց.
«Ստիպված եմ ափսոսանքով նշել, որ հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված` այս պահին փոփոխություններ չկան, միևնույն ժամանակ նկատվում է միջազգային հանրության կողմից այս իրավիճակի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ, մասնավորապես` ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների ու կոչերի. այս ուղերձներում հիմնականում շատ հստակ ու հասցեական մատնանշվում և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե ութ ամիս փակ վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»:
Սա, ըստ Սարգսյանի, վկայում է այն մասին, որ միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ ԼՂ-ում խորացող ճգնաժամը իրական է` գործ ունենք մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:
«Միաժամանակ ականատես ենք լինում ԼՂ-ից ծանր միջադեպերի, երբ բառացիորեն հացի հերթերում ուշաթափություններ են լինում, կա սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության մթերքների սուր պակաս, մինչդեռ մեր հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարներ դեռևս մնում են անշարժ, ուղեբեռը չի հասնում իր նպատակին»,- ասել է նա:
Սարգսյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա, տեղաշարժի հետ կապված` ունեն նույն իրավիճակը:
Կարծիքներ