Խուզարկության մասին մամուլից եմ իմացել, որևէ մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում. Ալեն Սիմոնյան

Խուզարկության մասին մամուլից եմ իմացել, որևէ մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մամուլի հրապարակումներից է իմացել գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկության մասին և լրացուցիչ տեղեկություններ չունի:

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում ու մեկնաբանելով Կարապետյանի՝ հավանական ձերբակալության մասին մամուլի տեղեկությունները, նշել, թե որևէ մեկն անիմաստ չի ձերբակալվում:

«Որևէ մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում: Հայտնի անեկդոտը գիտեք, որ հայրը տուն է գալիս, երեխան լացում է, ասում է՝ ուրեմն դու ոչ մի բան չէի՞ր արել: Մնացած հարցերի պատասխաններն իրավապահները կտան»,- ասել է Սիմոնյանը:

Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։  

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ իրականացվում են օպերատիվ գործողություններ, մի խումբ անձինք բերման են ենթարկվել: 

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, հայտնել է, որ գործարարն այս պահին ձերբակալված չէ:

Նշենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին՝ նշելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ 

Նրա այս գրառմանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ արված մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը գրել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»: 

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում