Տիգրան Ավինյանը կարևորել է լայնածավալ թվայնացման և GovTech լուծումների փաթեթի ներդրումը

Տիգրան Ավինյանը կարևորել է լայնածավալ թվայնացման և GovTech լուծումների փաթեթի ներդրումը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 1-ին մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, Covid-19 համաճարակն առաջացրեց լուրջ կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ:

«Երկիրը տարին փակեց 7,4 տոկոս ՀՆԱ անկմամբ: Համատեղ հակաճգնաժամային փաթեթը, որը նախատեսված է 2020 թվականի համար, գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Մենք մեծապես գնահատում ենք ՎԶԵԲ-ի կատարած աշխատանքը` օգնելու ՀՀ Կառավարությանը Covid-19- ի հետևանքների հաղթահարմանը միտված ջանքերում:

Հետճգնաժամային վերականգնման ճանապարհին մենք ձևավորում ենք առավել մրցունակ և աշխույժ տնտեսություն, ներառական և կայուն ապագա կառուցելու մեր օրակարգը: Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է ամուր հիմքեր ստեղծել և օժանդակ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել նորարարական եղանակներով կանաչ միջավայրի վերականգնման համար», -ասել է Ավինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը գերակա խնդիր է համարում նաև լայնածավալ թվայնացման և GovTech լուծումների հավակնոտ փաթեթը: Ավինյանը ողջունում է ՎԶԵԲ-ի «Լավագույն վերականգնում» օրակարգի տարրերն ու առաջնահերթությունները, որոնք համահունչ են մեր ազգային գերակայություններին:

«Covid-19 համաճարակից զատ կա մեկ այլ լուրջ մարտահրավեր, որին բախվում ենք բոլորս: Կլիմայական ճգնաժամն այլևս գիտական շրջանակների արտոնությունը չէ: Դա հրատապ քաղաքականության խնդիր է և պետք է հանդիսանա շրջակա տնտեսության և շուկաների վարքագծային օրինաչափությունները վերականգնելու հիմնաքար:

Ըստ էության, կլիմայական ճգնաժամը ձախողումների հետևանք է: Կլիմայական հավակնությունների մեջ 3 նոր զարգացումների ձևավորմամբ, մասնավորապես` Փարիզի համաձայնագրին միանալով, էներգետիկայի ոլորտի շուտափույթ ապաածխաջրածնացմամբ, ցածր ածխածնի և կլիմայի դիմացկուն ռազմավարությունների աջակցությամբ, ՎԶԵԲ-ն ապացուցեց, որ հանդիսանում է անցումային ազդեցության ինստիտուտ:

Կարևոր է հասկանալ, թե արդյոք բոլորը համահունչ հավակնություններ, նպատակներ, կարողություններ և հնարավորություններ ունեն ազգային մակարդակում՝ օգտագործելու անհրաժեշտ գործողություններն ավելի ցածր ածխածնի և կանաչ միջավայրի վերականգնման ուղղությամբ: Կլիմայի աղետալի հետագծից խուսափելու նպատակով Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում` վերանայելու զարգացման օրինաչափությունները և արագացնելու իր գործողություններն ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ»,- ասել է Ավինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնկատարի խոսքով` ՀՀ կառավարության  նպատակներն արտացոլված են նոր ընդունված 2021 թվականի Ազգային ներդրումների շրջանակում: «Ազգային նոր ռազմավարության նպատակը մինչև 2030 թվականն արտանետումների մակարդակի 40 տոկոսի իջեցումն է 1990 թվականի համեմատ, հիմնականում` էներգետիկ ոլորտում: Մինչև 2030 թվականը մենք նպատակ ունենք արևի էներգիայի մասնաբաժինը հասցնել 15 տոկոսի էներգիայի ընդհանուր արտադրության մեջ: Զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ կկազմի մոտ 54%,»,- եզրափակել է Ավինյանը:

Հայաստանը պետք է հյուրընկալեր 2021 թ. տարեկան ժողովը, սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, ուստի՝ Երևանում տարեկան ժողովը կայանալու է 2024թ:

Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից: Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում