Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան

Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան

Տեղի ունեցող իրադարձությունները մեծամասամբ գտնվում են շրջակա միջավայրի կառավարման տիրույթում: Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման մասին իր տեսակետի և տեղի ունեցող գործողությունների մասին հարցին:

«Բայց ես ժամանակ եմ խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետեմ թեմային և իմ գնահատականները հնչեցնեմ ավելի ուշ, քանի որ շուրջ երկու տարվա ընթացքում ես կոմպետենտ չեմ եղել այդ խնդրին»,- հավելեց նա:

Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե եթե հանքը շահագործվի, ապա պետք է բոլոր երաշխիքներն ունենանք՝ մտահոգությունների փարատման առումով:

Նա ասաց, որ խորհրդակցելու է նաև բնապահպանական կազմակերպությունների հետ. «Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխովորում եմ և՛ անձամբ և՛ ի պաշտոնե»:

Անդրադառնալով այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողությունների, ակցիաների և պահնորդական թիմի կողմից Ամուլսարի պահապանների տարածք մտնելու և տնակները դուրս բերելու մասին՝ նախարարը նշեց, որ այս գործողությունները Շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների մեջ չեն մտնում, քանի որ գերատեսչության հիմնական միջամտությունը կարելի է ակնկալել հանքի շահագործման և չշահագործման հարցերում:

«Այս պահին այլ գերատեսչություններ են ներգրավված այս գործընթացում, որոնք պետք է ներկայացնեն իրենց գնահատականները, ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ», - ասց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում