Նախագիծ. մշակվել է ՄԿՈՒ հաստատությունների անվանակոչության կարգը

Նախագիծ. մշակվել է ՄԿՈՒ հաստատությունների անվանակոչության կարգը

ՀՀ-ում գործում են շուրջ 80 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, սակայն մինչ օրս առկա չէ իրավական ակտ՝ այդ հաստատությունների անվանակոչության պայմանների և պահանջների վերաբերյալ:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկմանն է ներկայացրել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի» նախագիծը:

Ըստ նախագծի՝ նախնական և միջին մասնագիտական պետական ուսհաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։

Անվանակոչման վերաբերյալ առաջարկություններ կարող են լիազոր մարմին ներկայացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան ուսումնական հաստատությունը, պետական կոլեգիալ մարմինը՝ խորհուրդը, իրավաբանական և ֆիզիկական անձինք: Անվանակոչման վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում՝ հաստատության անվանակոչման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:

Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

նոր կառուցվող կամ հիմնադրվող ուսումնական հաստատություններին,
անանուն ուսումնական հաստատություններին,
միայն թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,
ուսումնական հաստատության անվանումը փոխելու որոշում կայացրած հաստատություններին,
ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու դեպքում,
ուսումնական հաստատության անվանման փոփոխության դեպքում,
ուսումնական հաստատության նոր գործառույթների ավելացման կամ ուղղվածության (արվեստ, սպորտ, գյուղատնտեսություն և այլն) նշելու դեպքում:
Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել՝

ֆիզիկական անձանց անունով կամ ոչ առևտրային կազմակերպությունների անվամբ, եթե այդ անձինք կամ կազմակերպությունները նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնանորոգման, վերակառուցման գործում,
ուսումնական հաստատության աշխատակցի կամ շրջանավարտների անունով՝ ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների համար,
պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ կամ նշված բնագավառների և ոլորտների զարգացման գործում ակնառու հաջողություններ ունեցած կամ բարեգործական ակտիվ գործունեություն ծավալած անձանց կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:
Անվանակոչված ուսումնական հաստատության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Այսպիսով՝ նախագծի ընդունման պարագայում այսուհետ ուսումնական հաստատությունների անվանակոչությունները կիրականացվեն սահմանված կարգով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում