Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց է եղել՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։ Տեղեկացնում է ԲՈՒՀ-ի պաշտոնական կայքը։
Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։
Նա ներկայացրել է իր ծրագիրը, որից հետո խորհրդի անդամները հարցեր են ուղղել բուհի զարգացման ծրագրի, անելիքների մասին։ Ելույթ է ունեցել խորհրդի 7 անդամ, ձևավորվել է հաշվիչ հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի նախագահությամբ։ Անդամներ են ընտրվել բուհի պրոֆեսորներից Սամվել Պիպոյանը և ուսանողուհի Արմինե Հարությունյանը։
Խոհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն են հայտնել ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։
Նիստի երկորրդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Նա ներկայացրել է բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չի առաջադրվել։ ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երկրորդել է Ժաննա Անդրեասյանին, նկատելով, որ անձամբ մի քանի անգամ շփում է ունեցել Սրբուհի Գևորգյանի հետ, և նրա մասնագիտական, պրոֆեսիոնալ որակները բարձր է գնահատում։
Սրբուհի Գևորգյանին հրավիրել են նիստին և տեղեկացրել խորհրդի որոշման մասին։ Ապա ներկաների միաձայն քվեարկությամբ՝ 16 կողմ ձայներով (խորհրդի 2 անդամ հեռացել էր նիստից), Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Կարծիքներ