Մեկնարկեց Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը

Մեկնարկեց Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը

Գյումրիում պաշտոնապես մեկնարկեցին Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։ 

Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։  

Հոկտեմբերի 14-ին այգու շինարարական աշխատանքների մեկնարկը ազդարարվեց խորհրդանշական միջոցառմամբ այգու նախկին տնօրենի դուստրը՝ Նարինե Ազարյանը գյումրեցի երիտասարդների մասնակցությամբ արխիվային թղթադրամ տեղադրեց այգու տարածքում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գյումրի համայնքի բնակիչներ, արվեստագետներ և քաղաքի հյուրեր։ 

«Այսպիսի հրաշալի ենթակառուցվածքները լուրջ ձգողության կետեր են առաջացնում ընդհանրապես Հայաստանի համար, և մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, կունենան ևս մեկ լավ առիթ այցելելու Գյումրի։ Բոլորիս շնորհավորում եմ այս լավ նախագիծը սկսելու առիթով և մաղթում, որ գյումրեցիները հնարավորինս շուտ ունենան այս այգին»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

Ավելին՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում