Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ավագանու հերթական նիստին «Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում։
Ավինյանը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ «Ազնավուր» հիմնադրամը առաջարկել է Երևան քաղաքում տեղադրել Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Ըստ քաղաքապետի տեղակալի՝ քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում։
« Հաշվի առնելով, որ ունենք այնտեղ նաև Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը ավելի տեսանելի և դիտարկելի հատված, առաջարկվեց Շառլ Ազնավուրի արձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը տեղափոխել նույն հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված։
Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով»,- ասաց Ավինյանը։
Կարևորելով աշխարհահռչակ հայազգի արվեստագետի, մեծ մարդասերի, հասարակական գործչին ըստ արժանվույն գնահատելու, ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակելու, նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը՝ Ավինյանն առաջարկեց ընդունել որոշման նախագիծը:
Նախագծին քվեարկեց ավագանու 49 անդամ, դեմ՝0, ձեռնպահ՝0։
Սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները։
Կարծիքներ