Լեհաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պյոտր Սքվեչինսկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների առաջընթացով և հաջողություններով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, կարևորել քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում սերտ և արդյունավետ գործընկերության ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծվել է ընթացիկ շաբաթ կայանալիք հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի կարևորությունը երկկողմ ոլորտային համագործակցության խթանման գործում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը լեհ գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրմանը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:
Կարծիքներ