Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին

Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

 

 

«Հանդիպման ընթացքում ամփոփվել և զեկուցվել են պատվիրակության Հայաստան այցի ընթացքում կատարված աշխատանքները։

 

 

Անդրադարձել ենք «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW-ի միջոցով:

 

Քննարկել ենք ծրագրի անխափան իրականացման վերաբերյալ տարբեր դրույթներ, ինչպես նաև հստակեցրել ենք ուղղություններն ու գործիքները, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ ծրագրի իրականացմանը:

 

Վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը և վճռականությունը՝ առավելագույն ներգրավվել ընթացիկ ծրագրերի իրականացման վերաբերյալ երկխոսությունների և դրանց վերջնականացման գործընթացում։

 

Մեկ անգամ չէ, որ նշել եմ, «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագիրը չափազանց կարևոր են մեր երկրի և հատկապես շրջակա միջավայրի ոլորտի համար։

 

Ահռելի ծավալի աշխատանք կա անելու, պետք է զրոյացնել նախկինում արձանագրված բացթողումներն ու թերությունները, լավարկել և խստացնել վերահսկողական մեխանիզմները, և ի վերջո, ծրագրերի իրականացման միջոցով զարգացնել նաև Շրջակա միջավայրի նախարարության, որպես գերատեսչության, ինստիտուցիոնալ կարողությունները։

Աշխատանքային հանդիպումներն ու քննարկումները կկրեն շարունակական բնույթ, բոլորիս հաջողություն եմ մաղթում խնդիրների լուծման և ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին, որովհետև համոզված եմ, որ խնդիրների արդյունավետ լուծումն ի վերջո այն ճանապարհն է, որով մենք կհասնենք Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի զարգացման և կայուն կառավարման։

Պայմանավորվել ենք շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում տալ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկը»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում