Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն
Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայատանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ կիսվելով Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառմամբ, որով Հայաստանը շեշտել էր Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:
Դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակին՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր կետերը նշելու համար:
«Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը»,-գրել է դեսպանը։
Նա նաև ընդգծել է, որ Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառմամբ ավելի վաղ առանձնացրել էր այն կարևոր ձեռքբերումները, որոնք գրանցվել են Շվեդիայի՝ ԵՄ խորհրդի 6-ամսյա նախագահության ընթացքում, մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին հանդիպումը, ինչպես նաև՝ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության գործունեության մեկնարկը:
Կարծիքներ