Ինչ ունեցվածք են հայտարարագրել Արթուր Վանեցյանի մայրն ու հայրը՝ Մարգարիտա Ազարյանը և Գագիկ Վանեցյանը
Մի քանի օր Երևանի Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը, 2022 թվականի մարտի 11-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Վերջինս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Վանեցյանի մայրն ունի բնակարան Արագածոտնի Աշտարակ քաղաքում, հողամաս՝ նույն քաղաքում, և բազմաբնակարան բնակելի շենք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Անշարժ գույք Ազարյանը չի հայտարարագրել:
Որպես կանխիկ գումար Արթուր Վանեցյանի մայրը ներկայացրել է 46 միլիոն դրամ և 15 հազար դոլար: ՀՀ նախագահականից էլ Մարգարիտա Ազարյանը ստացել է 1 միլիոն 713 հազար դրամ աշխատավարձ:
Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, որպես փոխկապակցված անձ՝ նույնպես ներկայացրել է հայտարարագիր: Վերջինս Երևանի Արաբկիր վարչական շրջանում ունի 2 բնակարան, 1 հողամաս, 1 շինություն, որը դեռևս չունի իրավունքների պետական գրանցում: Երևանի Կենտրոն վարչական շրջանում ԱԱԾ նախկին տնօրենի հայրը հայտարարագրել է հասարակական նշանակության շինություն, ավտոտնակ և անհատական բնակելի տուն:
Որպես շարժական գույք Գագիկ Վանեցյանը ներկայացրել է 2017 թվականի արտադրության «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա:
Վերջինս հայտարարագրել է նաև 1 միլիարդ 3 միլիոն կանխիկ դրամ, «ԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից՝ 1 միլիոն 207 հազար դրամ աշխատավարձ և «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ից՝ վարձակալության դիմաց ստացած գումար՝ 22 միլիոն 500 հազար դրամ:
Որպես նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք Գագիկ Վանեցյանը հայտարարագրել է 71 միլիոն 600 հազար դրամ գումար:
Կարծիքներ